Հուլիս ամսից չեն կայանում անցած տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստերը։ Պատճառն այն է, որ հնարավորություն չի ընձեռվում բերման ենթարկել վկաներին։
Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հերթական դատական նիստը նշանակված է օգոստոսի 8-ին, սակայն դեռ պարզ չէ՝ նիստը կկայանա՞, թե՞ ոչ։
«Ես ուզում եմ, որ նիստերը կայանան, ու այս ամեն ինչը շուտ վերջանա։ Ամեն ինչ պարզից էլ պարզ է, բայց պետք է դատ լինի։ Բացի այդ, Զաքարյանի հայտարարություններն են ինձ զայրացնում, թե՝ ինքնասպանություն է եղել։ Նա, իմ կարծիքով, մանկլավիկ փաստաբան է»,- ասաց Բարսեղյանը։
Կուրսանտի հայրը ասաց, որ արդեն իսկ հարցաքննված վկաները պատմել են եղելությունը։ Նախաքննության ընթացքում էլ են ցուցմունք տվել, ու հիմա հասկանալի չէ, թե ինչու է այսքան ձգվում գործի քննությունը։ «Ամեն ինչ հստակ է, ու ես չեմ էլ հասկանում, թե ինչու են այդ մարդասպանների հարազատները արդարացնում իրենց որդիների պահվածքը։ Չնայած դա էլ է պարզ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է գնդապետի մասով առանձնացված գործի քննությանը, ապա Արկադի Բարսեղյանի խոսքով՝ երկու քրեական գործ կա, բայց ոչ մի տեղաշարժ չկա գործում։ «Հայր և որդի թալանել են ինստիտուտը, ընտանեկան բիզնես են սարքել, մեր տղաների ճակատագրի հետ էլ խաղացել են։ Էն տղաների, որոնց ուղարկել էինք սովորելու ու բանակին պիտանի մարդ դառնալու։ Բայց հիմա աչք է փակվում գնդապետի արարքների վրա։ Էս ա իրականությունը»,- նկատեց հայրը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:








































