«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ այսօր հայտնաբերվել և ձերբակալվել են հայտնի լեզվաբանի ամուսնու՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության մեջ մեղադրվող 23-ամյա Արտաշես Չիչոյանը և 26-ամյա Արարատ Նիկողոսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրանք հունիսի 8-ից հետախուզվում են ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով:
Նույն գործով հունիսի 8-ին կալանավորվել է 1990 թ. ծնված Խաչիկ Կոսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով):
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նուբարաշենի խճուղում գտնվող բենզալցակայանի դիմաց մահացած քաղաքացի կա:







































