Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերտ Լամերտը, այսօր Բունդեսթագում բացելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի շուրջ քննարկումները, հայտարարել է, որ գերմանացի բազմաթիվ պատգամավորներ սպառնալիքներ են ստացել բանաձևի ընդունման պլանների պատճառով, որում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններն անվանվում են որպես ցեղասպանություն:
«Բողոքի ակցիաների ու հանրահավաքների հետ մեկտեղ գրանցվել են բազմաթիվ սպառնալիքներ, որոնք մասնավորապես հասցեագրվել են թուրքական արմատներ ունեցող իմ գործընկերներին: Գործը հասել է ընդհուպ մինչև սպանության մասին սպառնալիքների:
Բնականաբար, մենք կընդունենք յուրաքանչյուր քննադատություն, սակայն ակնհայտ է նաև այն, որ անընդունելի են Գերմանիայում խոսքի ազատ արտահայտվելուն խոչընդոտելուն միտված սպառնալիքները: Մենք թույլ չենք տա ահաբեկել մեզ:
Մենք՝ գերմանացիներս, սեփական պատմության մութ էջերի օրինակով, հնարավոր է՝ մյուսներից ավելի շատ տեղյակ ենք, որ պատմական իրադարձություններին դիմելը կարող է ցավագին լինել:
Մենք նաև գիտենք, որ անցյալի ազնիվ ու ինքնաքննադատական վերաիմաստավորումը սպառնալիք չի ներկայացնում մյուս երկրների հետ հարաբերություններին ու պայման է հանդիսանում է հաշտեցման ու համագործակցության համար»,- ասել է նա:
Նա հիշեցրել է նաև Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի հաղթահարման գործում Թուրքիայի ունեցած ներդրման մասին. «Թուրքիայի ներկայիս կառավարությունը պատասխանատվություն չի կրում 100 տարի առաջ տեղի ունեցածի համար, սակայն մասնակի պատասխանատու է նրա համար, թե դրա հետ ինչ կլինի հետագայում»:









































