Ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե «Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրացումը չի ազդել Ադրբեջանի հեղինակության վրա և որ աճել են Ադրբեջանի հետ համագործակցել ու երկրում ներդրում անել ցանկացողների թիվը.
«Ադրբեջանի համբերությունը կարող է հատել: Դա տեսնում են, հաշվի են առնում և պետք է հաշվի առնեն բոլոր կողմերը»:
Ուշագրավ է, որ դրանից անմիջապես առաջ Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանին շնորհել է բացասական կանխատեսման վարկանիշ` կապված աճող ռիսկերի հետ: Moody’s-ն ընդգծել էր, որ աշխարհաքաղաքական ռիսկերն աճել են ոչ վաղ անցյալում Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաէսկալացման հետ:
APA լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ Մեհրիբան Ալիևայի հետ միասին երեկ այցելել է Թարթառի, Բարդայի ու Աղդամի շրջաններում տեղակայված զորամասեր:
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևին իրազեկել է շփման գծի շուրջ տիրող վերջին իրավիճակի մասին: Ալիևը զննել է զորամասերի շտաբները, ճաշարաններն ու զորանոցները և նվերներ է բաժանել զինծառայողներին:
Ալիևը նաև հանդիպել ու շփվել է տեղաբնակների հետ և կարգադրել է շուտափույթ վերականգնել հայկական հրետանու հարվածներից ավերված ու վնասված տները:
Այցի արդյունքներով Ալիևը Հայաստանին մեղադրել է «բանակցային գործընթացից շեղվելու» համար, արդարացված է համարել բանակաշինության վրա կատարված ծախսերը, հայտարարել է, թե Ադրբեջանը «երբեք չի հաշտվի» ներկայիս իրավիճակի հետ:
Ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը սենսացիոն է որակել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, որում նա ԼՂ կարգավորման գործընթացում Ռուսաստանի ակտիվացումը նմանեցրել է սառցալեռան, քանի որ երևում է միայն վերնամասը, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կա ջրի տակ:
Լրատվամիջոցն ընդգծել էր, որ Մամեդյարովի հայտարարությունը հարուցել է փորձագետների ու դիտորդների ակտիվ արձագանքը և միաժամանակ առաջացրել է բազում հարցեր:
Հանրահայտ քաղաքագետ Առասթուն Օրուջլուն լրատվամիջոցի հետ զրույցում ընդգծել է, որ նախարարի հայտարարությունն իր մոտ առաջացրել է բազմաթիվ հարցեր, և պահանջվում են էական ճշգրտումներ. «Ինչո՞ւ է պլանի մասին խոսում Մամեդյարովը և ոչ թե Լավրովը, եթե դա Մոսկվայի պլանն է:
Ապա՝ ի՞նչ շրջաններ նկատի ուներ նախարարը, երբ խոսեց Ադրբեջանի տարածքից հայկական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին: Խոսքը Ղարաբաղին հարակից շրջանների՞, թե՞ նաև բուն Լեռնային Ղարաբաղի մասին է:
Անհասկանալի է նաև ԵԱՀԿ-ի դերը տվյալ հարցում: Ինչո՞ւ է փուլային պլանն առաջ քաշում Մինսկի խմբում համանախագահող միայն մեկ երկիրը և ոչ թե երեք երկրներն էլ: Ի՞նչ են նշանակում Ռուսաստանի առաջարկում այսբերգի վերնամասի մասին Մամեդյարովի խոսքերը:
Կարծում եմ, որ նախարարը ցանկացել է բարյացակամություն հայտնել բուն պլանին, սակայն հասկացնել է տվել, որ այնտեղ կան պահեր, որոնք ձեռնտու չեն Բաքվին: Անտեսանելի մասը Ադրբեջանի համար ոչ ձեռնտու դետալներն են, այն է` ՀԱՊԿ ու ԵԱՏՄ հրավիրելը: Սերգեյ Լավրովը Բաքվում գտնվելիս բաց կերպ ակնարկել էր այդ մասին:
Եվ վերջապես՝ դա վերաբերում է խաղաղապահների հարցին: Դժվար է կարգավորման ռուսական պլանը պատկերացնել առանց նրա խաղաղապահ զորքերի մասնակցության, իսկ դա շատ վտանգավոր պահ է»:
Օրուջլուն կարծիք է հայտնել, որ Արևմուտքը և առաջին հերթին ԱՄՆ-ը չեն համաձայնվի տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայմանը:
Քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովն իր հերթին կարծում է, որ ռուսական առաջարկը սառցալեռան հետ համեմատելով` Մամեդյարովն ավելի շուտ ակնարկել է Ռուսաստանի առաջարկներում ոչ բոլոր պահերի բաց լինելու մասին. «Հնարավոր է` կան Ռուսաստանի առաջարկած ինչ-ինչ ընդհանուր սկզբունքներ, որոնք նախատեսում են ԼՂ-ի շուրջ տարածքների ազատում, այդ իմաստով դրանք համապատասխանում են Ադրբեջանի շահերին:
Միևնույն ժամանակ, չկա առաջարկների մանրակրկիտ մշակում և մասնավորապես հստակ չեն հանրաքվեի անցկացման ձևի ու ժամանակի մասին հարցերը (եթե այն պլանի մաս է), խաղաղապահների տեղակայման ու նրանց կազմի հարցերը»:
Միրկադիրովը մտահոգիչ է համարել նաև այն փաստը, որ Հայաստանն անմիջապես մերժել է Լավրովի պլանը` դա որակելով որպես դեմարշ:
Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թարթառի շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, թե տարեսկզբին Ղարաբաղյան բանակցային գործընթացում գրանցվել է առաջընթաց:
«Մենք չենք ցանկանում պատերազմ: Մենք ցանկանում ենք հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Սակայն անիմաստ է բանակցել հանուն բանակցությունների պատրանք ստեղծելու: Մենք հավատարիմ ենք ապրիլի 5-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագրին»,- ասել է նա:
Ալիևի խոսքով՝ հայկական կողմի հրետակոծություններից վնասվել է ավելի քան 500 տուն, ավելի քան 100 տուն ավերվել է ամբողջովին: