Հայկական կողմին հանձնված՝ սպանված 18 զինծառայողներից մեկի ինքնությունն արդեն հայտնի է: Նա վերջին օրերին անհետ կորած համարվող 20-ամյա Ազատ Սիմոնյանն է, ով ծառայում էր ԼՂՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Կամարիս գյուղի գյուղապետ Զարզանդ Եգորյանը:
Զինծառայողի դին այժմ Աբովյանի դիահերձարանում է, դիակը ճանաչել են հարազատները: «Ամբողջ գյուղը շոկի մեջ է, խոսքեր չեմ գտնում ասելու»,- ասաց գյուղապետը:
Ազատի հետ հարազատները վերջին անգամ կապ էին հաստատել ապրիլի 1-ի երեկոյան, որից հետո նրա հետ կապը խզվել էր: Ազատ Սիմոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ Կամարիսում:
20-ամյա զինվորը սոցցանցում իր վերջին գրառման մեջ մորը «երդվել էր», որ տուն է վերադառնալու. «Երդվում եմ, մայրիկ, մի օր տուն կգամ, ամեն կաթիլ արցունքիդ համար պատասխան կտամ…»:










































