Մեծ Բրիտանիայի համար կարևոր է շարունակել Ռուսաստանի հետ երկխոսությունը Սիրիայում իրավիճակի շուրջ՝ չնայած ճգնաժամին երկկողմ հարաբերություններում: Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ասել է Al Jazeera ալիքին տված հարցազրույցում:
«Անկասկած, երբ հարցը վերաբերում է Սիրիային, բոլոր խաղացողները պետք է ընդգրկված լինեն գործընթացին՝ լինեն Սաուդյան Արաբիան, Իրանը, թե Ռուսաստանը,- ասել է նա:- Իհարկե, մենք որոշակի խնդիրներ ունենք Ռուսաստանի հետ հարաբերություններում տեղի ունեցածի պատճառով, և մենք ճիշտ ենք համարում նախօրեին ընդունած որոշումը: Սակայն երբ խոսքը Սիրիայի մասին է, որքան էլ դժվար լինի, մեզ անհրաժեշտ է այդ խնդիրը քննարկել նրանց հետ (ռուսական ղեկավարության հետ), քանի որ սիրիական ճգնաժամը կկարգավորվի, երբ բոլոր խաղացողները գիտակցեն, որ դա իրենց շահերից է բխում»:
Հունվարի 21-ին Լոնդոնում հրապարակվել է ՌԴ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան հետաքննության արդյունքների մասին զեկույց: Սքոթլանդ-Յարդի վարկածով (Լոնդոնի ոստիկանություն)՝ ռադիոակտիվ պոլոնիում-210 նյութը, որի թունավորումից մահացել է Լիտվինենկոն, նրա թեյին են խառնել ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը (Լիտվինենկոյի նախկին գործընկերը Անվտանգության դաշնային ծառայությունում) և գործարար Դմիտրի Կովտունը, որը նախկինում եղել է Գլխավոր հետախուզական վարչության աշխատակից։
Մոսկվայում համոզված են, որ Լոնդոնի գործողությունները Լիտվինենկոյի գործի հետաքննության հարցում քաղաքական շարժառիթ ունեն:





































