Նյու Յորքի դատախազությունը մեղադրանքներ կառաջադրի ԱՄՆ խոշորագույն ֆինանսական կազմակերպությունների՝ Bank of America-ի ու Wells Fargo-ի դեմ, որոնք կասկածվում են հիփոթեքային ապահովագրման կանոնները կոպտորեն խախտելու մեջ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Նրանք անթույլատրելի կերպով խախտել են իրենց ստանձնած պարտավորությունները, ինչի հետևանքով Նյու Յորքի հարյուրավոր քաղաքացիների սպառնում է հիփոթեքով ձեռք բերված տներից վտարում»,- հայտարարել է ԱՄՆ խոշորագույն մեգապոլիսի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը:
Վերջին 6 ամիսներին դատախազությունը իրականացրել է հիփոթեքային վարկավորմամբ գնված բնակարաններից բանկի պահանջով բնակիչների հարկադիր վտարման փաստերի ստուգում: Դեպքերից 339-ում ի հայտ են եկել ֆինանսական կազմակերպությունների կողմից պայմանագրային պարտավորությունների կոպիտ խախտումներ: Ֆինանսական կազմակերպությունները ցանկացել են անուղղակի մեթոդներով մեծացնել վարկառուների բեռը:
Դատախազը հիշեցրել է, որ անցած տարի 5 խոշոր ամերիկյան վարկատուներ, այդ թվում նաև վերոնշյալ երկուսը, իշխանությունների հետ համաձայնություն են ձեռք բերել, համաձայն որի՝ իրենք 25 մլրդ դոլարի փոխհատուցում կվճարեն հիփոթեքային վարկի մարման դժվարություններ ունեցողների վտարման գործում տեղ գտած չարաշահումների համար, այնուհանդերձ՝ խախտումները շարունակվում են:









































