Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ, մարտի վերջին ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Լեոն Պանետան «հույժ գաղտնի» այցելել է Թուրքիա և Անկարայում հանդիպումներ ունեցել իր թուրք գործընկերների հետ:
Թուրքական կողմից դրանց մասնակցել են Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, ինչպես նաև կառավարության ու Գլխավոր շտաբի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում կողմերի քննարկման գլխավոր թեմաներից մեկը Սիրիայում տիրող իրավիճակն է եղել: Հանդիպման ժամանակ կողմերը միահամուռ եկել են այն եզրահանգման, որ Սիրիայում տիրող իրավիճակը մոտեցել է ճգնաժամային սահմանագծի, իսկ այդ երկրում առկա ժողովրդական շարժումը կրում է սուննի բնույթ:
Թուրքական կողմը Սիրիայի վերաբերյալ ներկայացրել է մի շարք առաջարկներ (այսպես կոչված` «Գաղտնի կոդ»), որոնք առնչվում են նաև Սիրիայում իշխանափոխությանը և այդ դեպքում Բաշար Ասադի ընտանիքի անվտանգության երաշխիքներին:
Հանդիպման ժամանակ Լիբիայում տիրող իրավիճակը որակվել է որպես ճգնաժամային: Անդրադարձ է կատարվել նաև թուրք-իսրայելական հարաբերություններին, Թուրքիա-ԱՄՆ-Իրաք եռակողմ հետախուզական մեխանիզմին, «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարին, Աֆղանստանում թուրք-ամերիկյան համագործակցությանը:
Նշվում է, որ Պանետայի «հույժ գաղտնի» այցը տևել է 5 օր, նա թուրքական ծածկագրերում ներկայացվել է որպես «շատ կարևոր հյուր»:
Հիշեցնենք, որ այսօր էլ արաբական աշխարհի և մասնավորապես սիրիական ու լիբիական զարգացումների հարցը քննարկել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: