Միջազգային հանրությունը խստորեն դատապարտել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը: Տարբեր երկրների և միջազգային կառույցների ղեկավարներ իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել Ֆրանսիային: ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը և գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն իրենց վշտակցությունն են հայտնել ահաբեկչության զոհերի ընտանիքներին, հարազատներին, Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին, վիրավորներին ցանկացել ապաքինում:
«Մենք խստորեն դատապարտում ենք այս նենգ ահաբեկչական հարձակումների շարքը քաղաքացիների դեմ և այն ոչ խտրական բռնությունը, որը տեղի է ունեցել ձեր երկրում: Համոզված եղեք, որ ԵԱՀԿ բոլոր երկրներն այս պահին կանգնած են ձեր կողքին` կիսելով այն համոզմունքը, որ ոչ մի քաղաքական դրդապատճառ չի կարող արդարացնել նման նենգ արարքները»,- նշել է Դաչիչը` հավելելով, որ այս ամենն ավելի է ամրապնդում ահաբեկչության դեմ պայքարելու իրենց հանձնառությունը: Զանիերն ու Դաչիչը հավելել են, որ ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությունը լավագույն պատասխանն է այն սպառնալիքներին։









































