31-ամյա Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ալկոհոլային կախվածությամբ է տառապել: spletnik.ru-ի հաղորդմամբ՝ այս և Քարդաշյանների այլ գաղտնիքներ Քլոեն բացահայտել է իր նոր Strong Looks Better Naked գրքում:
2003թ. կերակրափողի քաղցկեղից մահացել է Քլոեի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը: Նա ծանր է տարել հոր մահը և որոշել է մխիթարվել շշի մեջ: Քլոեն 19 տարեկան է եղել և նրան թվացել է, թե չի կարողանա հաղթահարել կորուստը:
«Ես թմրանյութեր չէի ընդունում, բայց որոշեցի տխրությունս խեղդել գինու մեջ և մինչև ուշագնացության աստիճան զվարճանալ երեկույթներին: Ես անչափահաս էի և ինձ անխոհեմաբար էի պահում ակումբներում և մասնավոր երեկույթներին»,- իր գրքում գրել է Քլոեն:
Քորթնի Քարդաշյանը՝ Քլոեի ավագ քույրը, չէր կարող անտարբերությամբ նայել կատարվողին: Նա պնդել է, որ Քլոեն դիմի վերականգնողական կենտրոն: Հարբեցող Քարդաշյանը հրաժարվել է բուժվել: 2007թ. մարտին նա ձերբակալվել է ոչ սթափ վիճակում վարելու համար, պատժվել է 3 տարվա պայմանական ազատազրկման և ուղղիչ աշխատանքների, դատարանը նաև Քլոեին պարտավորեցրել է բուժվել հարբեցողությունից: 2008թ. դատարանի պայմանները խախտելու համար Քլոեին դատապարտել են 30 օրվա ազատազրկման: Քանի որ կանացի բանտը լիքն է եղել, նրան ազատ են արձակել 3 ժամ անց:
Քորթնի Քարդաշյանը Քլոեին օգնել է հաղթահարել կախվածությունը և ուշքի գալ: Դատարանի և բանտի հետ կապված պատմությունից հետո Քլոեն սովորել է սահմանափակել իր գործածած ալկոհոլի քանակը:













































