Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնում անցկացվել են ԱՄՆ Հելսինկյան կոմիտեի լսումները, որոնց մասնակցել են վերլուծաբաններ, ակտիվիստներ ու քաղաքական գործիչներ։
«Օրենքի գերակայությունն ու քաղաքացիական հասարակությունն Ադրբեջանում» խորագրով լսումներում գնահատական է տրվել Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ։ Դրանց մասնակցել են նաև Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը և Դինարա Յունուսը, որն Ադրբեջանում տևական ժամկետով ազատազրկված իրավապաշտպաններ Լեյլա ու Արիֆ Յունուսների դուստրն է։
Մորնինգսթարը զարմանք է հայտնել պաշտոնական Բաքվի քաղաքականությունից ու տրամաբանությունից. «Ես պարզապես չեմ հասկանում, թե Ադրբեջանի կառավարությունն ինչ է ստանում այդ բոլոր բռնություններից։
Ինչո՞ւ է Լեյլա Յունուսը բանտում։ Ադրբեջանի կառավարությունն ի՞նչ օգուտ է ստացել այդ կալանավորումից, բացի Արևմուտքի հետ հարաբերությունները բարդացնելը»։ Մորնինգսթարի խոսքով՝ ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերն այն թեմաներն են, որոնք իր դեսպան եղած ժամանակ լրջորեն վատթարացրել են Բաքվի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունները: «Վաշինգտոնի համար Ադրբեջանը նախկինի նման կարևոր է, թեև Բաքուն պետք է ճանաչի, որ մարդու իրավունքների հանդեպ ԱՄՆ-ի մոտեցումը մնում է անփոփոխ։ Իշխանությունները պարտավոր են կոնկրետ քայլեր ձեռնարկել տվյալ ուղղությամբ և զերծ մնան հետագա բռնություններից»,- ասել է նա։











































