Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ նախագահ Իվիցա Դաչիչը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին նշված է ԵԱՀԿ-ի կայքում։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Հանդիպման ժամանակ համանախագահները ԵԱՀԿ նախագահին իրազեկել են շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության մասին, ինչպես նաև բանակցային գործընթացի մասին, որը վարում են Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնատար անձինք։
Իր ցավակցությունները հայտնելով զոհվածների ընտանիքներին՝ Դաչիչը վճռականորեն դատապարտել է լարվածության սրումը՝ կողմերին կոչ անելով ցուցաբերել առավելագույն զսպվածություն և աշխատանքներ տանել հակամարտության լիցքաթափման ուղղությամբ։
ԵԱՀԿ նախագահը լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչպես նաև կողմերին կոչ է արել առաջընթաց գրանցել բանակցություններում ու քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ. «Նախագահների ծրագրված հանդիպումը լավ քայլ կլինի այդ ուղղությամբ»։








































