ՄԱԿ-ի շեֆ-խոհարար Դեն Լոպեսը պատմել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական քննարկմանը ժամանած պետությունների և կառավարությունների ղեկավարների համար ճաշացանկի մշակման առանձնահատկությունների մասին: Նրա խոսքով՝ լանչին պատրաստությունը, որն ավանդաբար անցկացվում է քննարկումը սկսելուց առաջ, սկսվել է դեռևս հունվարին: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Նորությունների կենտրոնը:
Լոպեսի խոսքով՝ ՄԱԿ-ում նախընտրում են դասական ֆրանսիական խոհանոցը: «Մի անգամ մենք պատրաստեցինք veal en papillote (մագաղաթի թղթով խորոված հորթի միս), chicken mousseline (հավի մսով մուսլին), ֆուա-գրա: Նրանք սիրում են գառան, հորթի միս, մինյոն ֆիլե, համենայնդեպս՝ իմ այստեղ աշխատելու 12 տարում այդ ուտեստները եղել են ճաշացանկում: Մենք նաև պատրաստում ենք ձկով ինչ-որ բան, բուսակերների համար ինչ-որ բան»,- պատմել է շեֆ-խոհարարը:
Ճաշացանկը մշակվել է՝ հաշվի առնելով հանդիպման մի քանի մասնակիցների հատուկ նախընտրությունները (դիետա, բուսակերություն և այլն): Այնուհետև աշխատակիցները համտեսել են ստացված ուտեստները և շեֆ-խոհարարի հետ որոշել են, թե դրանցից որոնք կմատուցվեն, որոնք՝ ոչ: Ճաշացանկի վերջնական տարբերակը հաստատվել է հուլիսի վերջին:
Լոպեսը պատմել է, որ Գլխավոր ասամբլեայի մասնակիցների համար սննդի պատրաստումը սկսվել է միջոցառումից 2 օր առաջ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը սկսվել է սեպտեմբերի 15-ին:









































