Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Պակիստանի միջուկային ծրագրի նախկին ղեկավար Աբդուլ Քադիր Հանը, որին ԱՄՆ-ում համարում են «պակիստանյան միջուկային ռումբի հայր», հայտարարել է, որ նախորդ շաբաթ «վեցյակի» ու Իրանի միջև ձեռք բերված միջուկային համաձայնագիրն իսլամական հանրապետությանը փրկել է Արևմուտքի երկրների մասնակցությամբ ռազմական հեղաշրջման կազմակերպումից։
«Կնքելով գործարքը՝ իրանական ղեկավարությունը շատ իմաստուն ու պրագմատիկ ձևով փրկել է իր երկիրը վատ վիճակից, աղետից։ Եթե Թեհրանը չգնար գործարքին, ապա շարունակվող ճգնաժամի պատճառով կպահպանվեր Արևմուտքի կողմից հովանավորվող ռազմական հեղաշրջման սպառնալիքը, ինչպես որ դա տեղի ունեցավ Եգիպտոսում»,- ասել է նա։
Աբդուլ Քադիր Հանը չի մեկնաբանել միջուկային տեխնոլոգիաների մասին տեղեկությունները Իրանին փոխանցելու հարցում իր մասնակցությունը։ Նա պակիստանյան միջուկային ռումբի ստեղծողն է, որը 1998 թվականի մայիսին հաջողությամբ փորձարկվեց Չագաի լեռներում գտնվող պակիստանյան զորավարժարանում։










































