Բրազիլիայի հարավում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով տուժել է ավելի քան 40 հազար մարդ:
Պարանա նահանգի հարավարևմտյան Ֆրանսիսկ-Բելտրան քաղաքում պտտահողմը փլուզել է 11 տուն: Քաղաքային իշխանությունների գնահատմամբ՝ վնասը գերազանցում է 1.6 մլն դոլարը: Այս մասին տեղեկացնում է TASS-ը:
Ինչպես հայտնում է քաղպաշտպանության ծառայությունը՝ մահացել է 1, վիրավորվել 19 մարդ:
Եվս 2 մարդ մահացել է Ռիու-Գրանդու-դու-Սուլ նահանգում, որտեղ գետերի մակարդակը բարձրացել է, և շատ բնակավայրերում ջրհեղեղի վտանգ կա:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ այսօր Բրազիլիայի հարավում անձրևները չեն դադարի, բայց նոր տոռնադոները քիչ հավանական են:



















































