Այսօր տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ օրերս գազալցակայանում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով տուժել են քաղաքացիներ։ Նախարարը նշեց, որ երեկ իր մոտ խորհրդակցություն է եղել, հրավիրել է տեխնիկական անվտանգության ծառայության պետին, հակահրդեհային տեխնիկական տեսչության պետին, ինչպես նաև կառավարության ներկայացուցչին։ Վարչապետի հանձնարարականից հետո ստեղծվել է խումբ, որը երկուշաբթի օրվանից ստուգումներ կիրականացնի բոլոր գազալցակայաններում։
«Իհարկե, ստուգումներ եղել են, խախտումներն արձանագրվել են, տուգանքները եղել են մինչև մեկ միլիոն: Սա պետք է շարունակենք, և մարդիկ պետք է հասկանան, որ ավելի լավ է մի քիչ գումար ծախսեն, որպեսզի այդպիսի դեպքեր չլինեն»,- ասաց նախարարը։
Հարցին՝ պետք է նման դե՞պք լիներ, որ ստուգումներ իրականացվեին, նախարարը պատասխանեց, որ ստուգումներ պարբերաբար կատարվում են, ստուգումների հետևանքով եղել են տուգանքներ, և այն բացթողումները, որ կան, ներկայացվել են, բայց մարդիկ անփույթ են լինում. ես հանցավոր անտարբերություն եմ բնորոշում։
Տարվա ընթացքում ստուգում գազալցակայանում մեկ անգամ է իրականացվում։
«Եթե հիշում եք, ես նոր էի նախարար նշանակվել, և մայրաքաղաքից մենք հանեցինք շարժական գազալցակայանները: Ծանր էր, բայց մենք կարողացանք այդ 25 գազալցակայանները հանել, և կարծում եմ, որ ԱԳԼՃԿ-ներում եթե տեսնենք ստուգումներից հետո խախտումներ, մենք կարգելենք նրանց հետագա գործունեությունը»,- ասաց նախարարը։
Հարցին՝ չէ՞ որ դրանցից շատերը պատկանում են վարչապետին և Գագիկ Ծառուկյանին, արդյոք կարո՞ղ է նախարարը նրանց դեմ գնալ, Արմեն Երիցյանը արձագանքեց. «Ես չգիտեմ՝ ում է պատկանում: Այն 25-ը որ հանել եմ, այդ 25-ի հետևում էլ թույլիկ մարդիկ չէին կանգնած։ Կարծում եմ՝ եթե օրենք է, օրենքը բոլորիս համար է»,- ասաց նա։
Ավելին՝ տեսանյութում։







































