Ամերիկացի հնէաբանը պարզել է, որ 75 մլն տարի առաջ Չինաստանի տարածքում սատկած 2 օվիրապտորներից մեկն արու է, որը հոգ է տարել էգի համար: Ամենայն հավանականությամբ, դինոզավրերը միասին են սատկել, ինչի համար գիտնականները նրանց անվանել են «Ռոմեո և Ջուլիետ»: Բացահայտման մասին հաղորդվում է Scientific Reports ամսագրում:
Օվիրապտորների զույգին գտել են Գոբի անապատում: Նրանց անմիջապես կնքել են «Ռոմեո և Ջուլիետ» անվամբ, սակայն այդ մականունը գիտական ստուգումն անմիջապես չի անցել:
Հետազոտության առաջատար հեղինակ Սքոթ Փերսոնսի խոսքով՝ դինոզավրի սեռը որոշելը չափազանց դժվար է, քանի որ փափուկ հյուսվածքները գրեթե երբեք հետք չեն թողնում բրածոներում: Այդ հարցը լուծելու համար գիտնականներն օվիրապտորների մնացորդները համեմատել են ժամանակակից թռչունների անատոմիական կառուցվածքի հետ:
Գիտնականները երկար փետուրների հետքեր են հայտնաբերել օվիրապտորների պոչին: Թռչելու համար այդ փետուրներն ակնհայտորեն ոչ պիտանի են եղել: Ամենայն հավանականությամբ, դրանք նույն գործառույթն են ունեցել, ինչ ժամանակակից հնդկահավերի, սիրամարգերի պոչի փետուրները՝ գրավել հակառակ սեռի ուշադրությունը: Օվիրապտորների կոնքի ոսկորների վերլուծությունը մատնանշել է պոչի ճկունությունը և ուժեղ մկանների առկայությունը. այդ ամենը դինոզավրին օգնել է զուգավորման պարերի ժամանակ թափահարել պոչը:











































