Վրացական georgiatimes.info կայքի փոխանցմամբ, Վրաստանն ու ՄԱԿ-ը համատեղ կիրականացնեն երեկ Կոնգոյում վթարի ենթարկված, վրացական Аirzena ավիաընկերությանը պատկանած Bombardier CRJ-200 ինքնաթիռի վթարի հետաքննությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի տնտեսության ու կայուն զարգացման փոխնախարար Գեորգի Կարբելաշվիլին:
Վերջինիս խոսքերով, վթարի հետաքննությանը վրացական կողմից ներգրավվելու է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի վարչակազմի ստեղծած հատուկ քննչական խումբը:
Հիշեցնենք, որ վրացական անձնակազմի վարած ինքնաթիռը երեկ կործանվել է Կոնգոյի մայրաքաղաք Քինշասայում վայրէջք կատարելիս: Այն մի քանի մասի է բաժանվել և այրվել:
Կոնգոյի իշխանությունները հայտնում են, որ ինքնաթիռում են գտնվել ՄԱԿ-ի 29 խաղաղապահներ և աշխատակիցներ, ինչպես նաև 4 հոգանոց անձնակազմը: Այդ 33 անձանցից փրկվել է միայն մեկը:
Վրացական «Ռուստավի 2» հեռուստաընկերությունն այսօր հայտնել է, որ արդեն հաստատվել է Վրաստանի չորս քաղաքացիների ինքնությունը` անձնակազմի հրամանատար Ալեքսեյ Հովհաննիսյան, օդաչու 22 ամյա Դավիդ Ցուցկիրիձե, անձնակազմի անդամ Գուրամ Կեպուլաձե, տեխնիկական սպասարկող Ալբերտ Մանուկով: