ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն առաջարկում են կարգազանց պատգամավորների մասին տեղեկացնել ՀՀ իրավապահ մարմիններին՝ որպես հանցագործության մասին հաղորդում:
ԱԺ կանոնակարգ օրենքով կարգազանց են համարվում այն պատգամավորները, ովքեր նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում ԱԺ նիստը վարողի՝ սույն օրենքից բխող պահանջները և կատարում են սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ»:
Նախագծի ընդունման դեպքում կարգազանց կհամարվեն նաև այն պատգամավորները, ովքեր գրանցվում կամ քվեարկում են բացակա պատգամավորների փոխարեն, ինչը համարվում է պաշտոնեական կեղծիք:
Սակայն կառավարությունը դեմ է այս օրինագծին: Նման որոշում կառավարությունը պատրաստվում է ընդունել վաղվա նիստում: Որպես հիմնավորում է բերվում այն, որ կարգապահական խախտումը և հանցագործությունն իրարից տարբերվում են ինչպես հանրային վտանգավորության աստիճանով, այնպես էլ հետևանքով` օրենքով պաշտպանվող հասարակական հարաբերություններին հասցված վնասի չափով: Նաև նշվում է, որ նման հարցերը պետք է լինեն էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա:






































