Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան որևէ հնարավորություն չի տեսնում առ այն, որ գալիք ընտրություններում կոալիցիան նույն տեսքը կունենա: Այս մասին Ալասանիան հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում:
Նախկին նախարարի խոսքով՝ դա անդառնալի է դարձել երկրում «աղետալի իրադարձություններից» հետո:
«Դժվար է պատկերացնել, որ 2016թ. ընտրություններին կոալիցիան կունենա նույն տեսքը, ինչ այսօր: Մենք նախքան «աղետալի իրադարձությունները» ցանկանում էինք, որպեսզի կոալիցիան մասնակցեր առաջիկա ընտրություններին այդ տեսքով, բայց ես դրա համար բացարձակ որևէ հնարավորություն չեմ տեսնում»,- նշել է Ալասանիան:
Նա նշել է, որ այդ ընտրությունները մեծապես կտարբերվեն նախորդից: «Այսօր գլխավոր խնդիրն է տեսնել, թե ուր պետք է տանել երկիրը, ինչ պետք է անեն քաղաքական ուժերը, որպեսզի չշեղվեն եվրոպական արժեքներից, իսկ իշխանությունը և խորհրդարանը պետք է լինեն կոմպետենտ մարդկանց ձեռքում: Ես համոզված եմ, որ գալիք ընտրությունները շատ կտարբերվեն: Նախորդ ընտրությունները ընտրություններ էին, որտեղ տարբեր արժեքներ ունեցող բոլոր կուսակցությունները և կազմակերպությունները միավորվել էին վարչակարգի դեմ: Հաջորդ ընտրությունները կլինեն հենց արժեքների շուրջ համախմբված քաղաքական միավորումների ընտրություններ: Դա ևս մեկ քայլ առաջ կլինի մեր պետության համար»,- ասել է նախկին պաշտպանության նախարարը:







































