Թուրքական Bianet կայքի հաղորդմամբ, այսօր Ստամբուլի 14-րդ՝ ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունենալու հայկական «Ագօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության դատավարության հերթական դատալսումը:
Նշվում է, որ այս անգամ դրան ներկա է գտնվելու Փարիզի իրավաբանների միության պատվիրակությունը:
Պատճառն այն է, որ այսօր թուրքական դատարանը քննարկելու է Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող հայկական «Ագօս» թերթի խմբագրատան մերձակայքում ընկած «Աքբանկի» անվտանգության տեսախցիկների նկարահանած կադրերը, որոնց վերաբերյալ Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների ընկերությունը (TÜBİTAK) կարծիք էր հայտնել, թե դրանցում կարող են հեռացված լինել անցանկալի ու կարևոր հատվածներ:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքն սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում Օգյուն Սամասթի կողմից: Մարդասպանը հրազենային 3 կրակոց էր արձակել Դինքի գլխին և բացականչել գյավուր (անհավատ), ինչը հիմք տվեց ենթադրելու, որ սպանությունն իրականացվել է ազգային հողի վրա: