Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ Իսրայելը չեղյալ հայտարարեց Թուրքիայի ռազմաօդային ուժերի տրամադրության տակ եղած F-4 հետախուզական ինքնաթիռների համար թվային նկարահանումներ անցկացնելու վերաբերյալ նախագիծը, Թուրքիան տվյալ խնդրի շուրջ պայմանավորվել է ամերիկյան Goodrich ընկերության հետ:
Վերջինս Թուրքիայի ռազմաօդային ուժերի տրամադրության տակ եղած F-4 հետախուզական ինքնաթիռների վրա տեղակայելու է այնպիսի համակարգ, որը նրանց թույլ կտա լուսանկարներ անել 150 կիլոմետր հեռավորությունից: Փորձագետները կարծում են, որ եթե հունիսի 22-ին Միջերկրական ծովում Սիրիայի կողմից վայր գցված F-4 ինքնաթիռն ունենար այդպիսի համակարգ, ապա նա այդքան չէր մոտենա Սիրիայի օդային սահմանին և վայր չէր գցվի նրա կողմից:
2008 թվականին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը (SSM) F-4 ինքնաթիռների տվյալ հարցով պայմանավորվածության էր եկել իսրայելական IAI և Elbit ընկերությունների հետ: Նախագիծը գնահատվել էր 165 միլիոն դոլար, թուրքական կողմը 2009 թվականին անգամ կանխավճար էր վճարել դրա իրագործման համար:
Սակայն 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպից և թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեղյալ հայտարարեց հետախուզական արտադրանք արտահանելու վերաբերյալ IAI և Elbit ընկերություններին տված արտոնագիրը:
Սա SSM-ին ստիպեց նույն հարցով պայմանավորվել ամերիկյան Goodrich ընկերության հետ, որին նա պետք է վճարի մոտ 80 միլիոն դոլար: Վերջինիս նոր համակարգը F-4 ինքնաթիռներին հնարավորություն կտա թվային լուսանկարներ իրականացնել 150 կիլոմետր հեռավորությունից և դրանք փոխանցել նախքան բազա վերադառնալը: Ակնկալվում է, որ F-4 ինքնաթիռներն այդ համակարգով կհագեցվեն մի քանի ամսում: Թուրքիան պլանավորել է հետագայում արտադրել նմանատիպ համակարգեր։







































