Ամերիկյան General Motors ավտոկոնցեռնը հեռացրել է փոխնախագահին և մի շարք այլ բարձրաստիճան աշխատակիցների՝ նրանց պատաասխանատու ճանաչելով բռնկման համակարգի թերություններ ունեցող մեքենաների ուշացած հետկանչի համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Կոնցեռնն այդ մեքենաների հետկանչի մասին հայտարարել էր փետրվարին, չնայած այդ մասին հայտնի է եղել դեռևս 2004-ին: Ընդհանուր առմամբ հետ է կանչվել 2.6 մլն մեքենա: Թերության պատճառով տեղի ունեցած վթարները առնվազն 13 մարդու կյանք են խլել:
Ավելի վաղ կոնցեռնի ղեկավար Մերի Բարան հայտնել է 15 աշխատակցի հեռացման մասին, սակայն հրաժարվել է հայտնել նրանց անունները:
Աղբյուրների փոխանցմամբ՝ հեռացվածների շարքում են բնապահպանական կայունության հարցերով փոխնախագահ Մայքլ Ռոբինսոնը, վթարային հարվածի անվտանգության հարցերով գլխավոր տնօրեն Գեյ Քենթը և անվտանգության տեխնիկայի հետազոտման հարցերով տնօրեն Մ. Կարմեն Բենավիդեսը:
Բացի այդ, GM-ը հայտարարել է փոխհատուցումների վճարման հիմնադրամի ստեղծման մասին:










































