Վրաստանում պաշտոնապես մեղադրանքներ են առաջադրվել զինված ուժերի միացյալ շտաբի պետ Գեորգի Կալանդաձեին, ով վերջերս է ձերբակալվել զինծառայողներին ծեծելու համար: Այս մասին հաղորդում է Новости-Грузия-ն: Նրան մեղադրել են լիազորությունները չարաշահելու մեջ:
Կալանդաձեն ձերբակալվել էր նոյեմբերի 7-ի գիշերը: Նույն գիշերը ձերբակալվել էին Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալայան և ՊՆ 4-րդ բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավան:
Իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալվածների դեմ բողոք է ստացվել 6 զինծառայողից: Ըստ այդ բողոքների՝ 2011-ի հոկտեմբերին իրենց ծեծի են ենթարկել այն ժամանակվա պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի աշխատասենյակում, և ծեծին մասնակցել է Կալանդաձեն: Ծեծի պատճառն իբր եղել է այն, որ զինվորները բողոքել են Վազիանիի ռազմաբազա փոխադրվելու դեմ:
Ախալայայի և Կալանդաձեի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալները հերքում են իրենց դեմ առաջ քաշված մեղադրանքները և չեն ճանաչում բողոքող զինվորներին:
Սպասվում է, որ Ախալայայի և Շամատավայի դեմ պաշտոնական մեղադրանքներ կներկայացվեն նոյեմբերի 8-ին` մինչև օրվա վերջը:







































