Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ԼՂ հիմնախնդրի հետ կապված հերթական հանդիպումից հետո ռեալ արդյունքներ չեն արձանագրվում, ասաց. «Ղարաբաղյան կոնֆլիկտը դեռևս երիտասարդ է, այն 16-ամյա պատմություն ունի, իսկ այսպիսի կոնֆլիկտներն այդքան հեշտ ու շուտ չեն լուծվում: Ղարաբաղյան կոնֆլիկտի ռեալ արդյունքները կախված են երեք կողմերի համաձայնությունից, և դեռ այդ համաձայնությունը չկա: Ադրբեջանի համար բացարձակապես ընդունելի չեն այն զիջումները, որոնց կարող է գնալ Հայաստանը»:
Ըստ քաղաքագետի՝ այն ժամանակ, երբ լինի համաձայնություն, կլինի նաև լուծում, որն այսօր պատկերացնել հնարավոր չէ: «Ուղղակի հնարավոր չէ, իսկ այն, ինչը հնարավոր չէ, քաղաքագետները դրա մասին չեն խոսում»,- ավելացրեց Ա. Իսկանդարյանը: