Գերմանական Խոշոր Volkswagen ավտոկոնցեռնը հաշվետվություն է ներկայացրել 2012-ի առաջին 6 ամիսների ընթացքում զարգացող շուկաների շնորհիվ մեքենաների ռեկորդային վաճառքի մասին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
2012-ի վեց ամիսներին ընկերության մաքուր շահույթը կազմել է 8,8 միլիարդ եվրո՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 36 տոկոսով: Մեքենաների մատակարարումներն աճել են 8,9%-ով՝ հասնելով ռեկորդային՝ 4,6 միլիոնի:
Վաճառքի աճը պայմանավորված է նրանով, որ Volkswagen-ի հիմնական շուկաները հեռու են ճգաժամային շրջանում գտնվող եվրոգոտուց: Ընկերության արտադրանքի վաճառքը Չինաստանում և Լատինական Ամերիկայում կտրուկ աճել են:
Volkswagen-ի մեջ են մտնում Porsche, Bugatti, Bentley, Skoda, Volkswagen, Seat, Audi, MAN և Scania բրենդները:
Այս ամիս ավելի վաղ Volkswagen-ը որոշել էր իր մասնաբաժինը Porsche-ում ավելացնել մինչև 100 տոկոս՝ 4,46 միլիարդ եվրոյով գնելով ավտոկոնցեռնի 50,1% կազմող բաժնեմասը:






































