Ճապոնիայում բժշկական սարքավորումներ արտադրող առաջատար Terumo-ն թվային ֆոտոխցիկներ և ախտորոշման համակարգեր արտադրող Olympus-ին միավորման առաջարկ է արել: Գործարքի սխեման հետևյալը կլինի՝ Terumo-ն Olympus-ի կապիտալը կհամալրի 50 միլիարդ իենով (640 միլիոն դոլար), ինչից հետո իր աշխատանքը կսկսի բանակցային հանձնաժողովը, որը կզբաղվի ընկերությունների միաձուլման հարցերով:
Եթե հաջողվի գործարքն իրականացնել, միասնական ընկերությունը կդառնա բժշկական սարքավորումներ արտադրող համաշխարհային առաջատար:
Ներկայում Olympus-ը մի շարք սկանդալներից հետո ներդրման լուրջ կարիք ունի: Terumo-ի առաջարկը Olympus-ին ձեռնտու է, սակայն ներկայում ընկերությունը բանակցություններ է անցկացնում այլ պոտենցիալ գործընկերների, մասնավորապես Sony-ի հետ:
Terumo-ին է արդեն պատկանում Olympus-ի բաժնետոմսերի 2,1 տոկոսը: Եթե ընկերությունը ներդրում կատարի Olympus-ի կապիտալում, ապա նրա մասնաբաժինը կհասնի 15 տոկոսի:
Olympus ընկերությանն անցած աշնանը բռնեցրել էին հաշվետվությունների կեղծման մեջ: Սկանդալի պատճառով գլխավոր տնօրեն Մայքլ Վուդֆորդը հրաժարական տվեց և վստահեցրեց, որ իրեն հեռացրել են մի քանի կասկածելի գործարքներ բացահայտելու փորձերի համար:
Նոր ղեկավար Սյուիթի Տակայաման խոստովանել էր, որ ընկերությունը 20 տարվա ընթացքում թաքցրել է ոչ արդյունավետ ֆինանսական օպերացիաներից կրած կորուստները:












































