Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հերթական անգամ քննադատել է Սիրիայի նկատմամբ իշխանությունների վարած քաղաքականությունը.
«Բոլորը գիտեին, որ Սիրիայում կառաջանա Իրաքի Քրդական Ինքնավարության նման քրդական շրջան: Եվ ի՞նչ արեցինք մենք: Ինչպե՞ս կարելի է գործել՝ վերլուծության չենթարկելով այն, թե ինչով կավարտվեն արտաքին քաղաքական դաշտում ձեռնարկվող քայլերը՝ առանց հետևանքները կանխատեսելու:
Արտգործնախարարի ամենամեծ թերությունը իրավիճակը վերլուծության ենթարկելու անկարողությունն է: Դա հասկանալու համար չպետք է լինել արտգործնախարար կամ վարչապետ: Արտաքին քաղաքական ոլորտում մենք վերածվեցինք մերձավորարևելյան ճահճուտում խրված երկրի: Սիրիայի հարցում Թուրքիան վերածվել է Արևմուտքի գործիքի:
Արդյունքում, կարող է ստեղծվել քրդական նոր պետություն: Ավելին, հայտնի չէ, թե մեզ որ ուղղությամբ են տանում: Վարչապետն ուժեր չունի՝ իրադարձությունների ընթացքն ուղղորդելու համար: Նրա խոսքերը լուրջ չեն ընդունվում մերձավորարևելյան որևէ երկրում: Մերձավորարևելյան այս ողջ խառնաշփոթից ամենաշատն օգտվեց Իսրայելը»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան թույլ չի տա Սիրիայում քրդական պետության ստեղծում:






































