ԱՄՆ-ից արտաքսված ռուս գործակալները, որոնց թվում` Աննա Չապմանը, մտադիր էին իրենց երեխաներին հետագայում օգտագործել լրտեսական գործունեության մեջ:Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը` հղում կատարելով ամերիկացի նախկին ու ներկայիս պաշտոնյաներին, որոնց անունները նշված չեն:
Ինչպես նշվումէ հրատարակման մեջ, ԱՄՆ-ում ծնված կամ մեծացած երեխաները լրտեսական գործունեության համար մեծ արժեք են ներկայացրել:
Հետագայում նրանք կարող էին անցնել անհրաժեշտ բոլոր ստուգումներն ու աշխատանքի անցնել կառավարական հաստատություններում:
Ինչպես հայտնի է դարձել հրատարակությանը, Անդրեյ Բեզրուկովի (ներկայանում էր որպես Դոնալդ Հիթֆիլդ) ու Ելենա Վավիլովայի (աշխատում էր Թրեյսի Ֆոլի անվամբ) որդին համաձայնել է ծնողների խնդրանքով դառնալ ռուս գործակալ ու մեկնել Ռուսաստան` ծանոթանալու լրտեսական հմտություններին (այն մասին, թե ինչով են նրանք զբաղվում, ծնողները որդուն պատմել էին կալանքից քիչ առաջ):
Համաձայն ԶԼՄ-ների տեղեկությունների` 2010թ., երբ կալանավորվել էին նրա ծնողները, Թիմ Ֆոլին (այն ժամանակ նա եղել է 20 տարեկան) սովորում էր Ջորջ Վաշինգտոնի համալսարանում:
Բոստոնցի փաստաբան Փիթեր Կրուպը, որը ներկայացնում է Անդրեյ Բեզրուկովի շահերը, այս տեղեկությունները հիմարություն է անվանել:
Նրա խոսքով` ծնողների համար չափացանց ռիսկային կլիներ պատմել որդուն, թե ինչով են իրենք զբաղվում: Ինչպես բացատրել է Կրուպը, Թիմ Ֆոլին այժմ ՌԴ-ում է ու ցանկանում է վերադառնալ ԱՄՆ, սակայն անհայտ պատճառով դա չի կարողանում անել:
Ռուս 10 գործաակալների կալանավորման ժամանակ գործակալներն ունեցել են 1-20 տարեկան 7 երեխա: Գործակալների բացահայտումից հետո նրանց երեխաներին ուղարկել էին Ռուսաստան:
Թերթի տվյալով` Աննա Չապմանը երեխաներ չունի:
Ռուս գործակալների կալանավորումը տեղի է ունեցել 2010թ. հունիսի 27-ին:
Հուլիսի սկզբին նրանք ընդունել էին իրենց մեղքը ու փոխանակվել էին Ռուսաստանում դատապարտված 4 մարդու հետ (հիմանականում դատապարտված լրտեսության ու դավաճանության մեջ) :












































