Reuters գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը պլանավորել է մինչև 2030 թվականը ավելացնել գազի մատակարարումների տարեկան ծավալը՝ այն հասցնելով մինչև 30 միլիարդ խորանարդ մետրի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Նատիգ Ալիևը:
Վերջինս անգամ չի բացառել, որ հետագայում գազի արտահանումը կարող է հասցվել մինչև 50 միլիարդ խորանարդ մետրի: Ալիևն ընդգծել է, որ 30 միլիարդ խորանարդ մետր ցուցանիշին հասնելը հնարավոր կդառնա ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլի շնորհիվ:
Ալիևի կարծիքով՝ թուրքմենական գազն Ադրբեջանի տարածքով Եվրոպա հասցնելու համար նախատեսված «Անդրկասպյան» գազատարը կարող է կառուցվել մոտ ապագայում: Նա հավելել է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ այդ նախագծում ներդրումներ անել՝ ընդգծելով, որ դա պետք է անի Թուրքմենստանը կամ էլ եվրոպական ընկերությունները:








































