Կալիֆորնիա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է Անահայմ քաղաքի` ոստիկանների ձեռքով սպանված երկու բնակիչների մահվանից հետո տեղի ունեցած անկարգությունների ոչ պակաս քան 24 մասնակիցների, չորեքշաբթի փոխանցել է BBC–ն:
Մոտավորապես 500 մարդ է մասնակցել Անահայմի քաղաքային խորհրդի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիային: Դժգոհ բնակիչներն աղբահանման տարաներ են այրել, քարեր և այրվող նյութով լցված շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ովքեր ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են օգտագործել:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, բողոքի ակցիան արդեն չորրորդ օրն է ընթանում:
Անցյալ շաբաթ` հուլիսի 21-ին, երկու ոստիկան են ժամանել քաղաքի շրջաններից մեկը, երբ հաղորդվել է, որ երեք մարդ իրենց տարօրինակ են պահում: Ինչպես հայտնել է ոստիկանապետ Ջոն Ուելթերը, երբ հրահրողներից մեկը` Մանուել Դիասը փորձել է փախչել, ոստիկանության աշխատակիցը մի քանի անգամ կրակել է նրա վրա`նրան ոտքի և ծոծրակի հատվածներում վիրավորելով: Դիասը մահացել է ստացած վերքերից:
Նման դեպք է տեղի ունեցել նաև հուլիսի 22-ին, երբ ոստիկանները ենթադրյալ կասկածյալների են նկատել գողացված ավտոբուսում: Ավտոբուսից դուրս են նետվել երեք հոգի, որոնցից Ջոել Մեթյու Ասևեդոն կրակ է բացել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Պատասխան կրակ չի եղել:










































