Եվրասիական նախագծին Հայաստանի անդամակցության վերաբերյալ իշխանությունները հստակ դիրքորոշում չունեն, ավելին՝ մտավախություններ ունեն և չեն կարողանում վերջնականապես կողմնորոշվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի այն հայտարարությանը, թե «Հայաստանի ղեկավարությունն ուշադիր հետևում է եվրասիական նախագծի զարգացմանը և ձգտում է իր տեղը հաստատել դրանում՝ հասկանալով, որ եվրասիական տնտեսական տարածքը առևտրատնտեսական հարաբերությունների հիմք է»:
Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները չգիտեն ինչպես վարվել մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից՝ Արևմուտքի տնտեսական բնույթի առաջարկների հետ: «Իրականության մեջ չեմ հասկանում՝ որքանով է կոնկրետ Եվրասիական նախագծին Հայաստանի անդամակցությունը կամ որքանով այն կարող է առնչվել Հայաստանի՝ եվրոպական ծրագրերին միանալու հետ: Սա դժվար և անհամատեղելի բան է, դրա համար էլ հայաստանյան իշխանություններն անընդհատ խուսափում են այս առումով հստակ բացատրություններ տալ: Ընդհանուր առմամբ, Եվրասիական միությանն անդամակցելու գաղափարը պարզ չէ, այն դեպքում, երբ ԵՄ ծրագրերը շատ կոնկրետ ու հստակ են»,- ասաց Մանվել Սարգսյանը:












































