Լոնդոնյան օլիմպիական կոմիտեն` Locog-ը, պաշտոնապես հայտարարել է, որ չի արգելի Little Chef ռեստորանների բրիտանական ցանցի «Օլիմպիական նախաճաշը»: The Drum պորտալի փոխանցմամբ՝ կոմիտեի որոշման վրա ազդել է այն փաստը, որ այդ ճաշատեսակը ցանցի ռեստորաններում վաճառվում է 1996 թվականից:
Little Chef ընկերության ղեկավարի խոսքով ՝ «Օլիմպիական նախաճաշը» «պաշտպանված» ապրանքանշան է և ռեստորանի ամենավաճառվող կերակրատեսակը:
«Օլիմպիական նախաճաշի» մեջ մտնում են երկու ձու, բեկոնի երկու կտոր, նրբերշիկ, սունկ, կարտոֆիլ, տապակած լոլիկ և տոստ:
Ավելի վաղ Locog-ը որոշում էր ընդունել, համաձայն որի՝ Օլիմպիադա-2012-ի պաշտոնական հովանավորությունը չվայելող բրենդները իրավունք չունեն իրենց արտադրանքի անվանման մեջ օգտագործել «օլիմպիական», «Լոնդոն», «ամառ», «ոսկի», «արծաթ», «հովանավոր» բառերը, որոնք հիշեցնում են Օլիմպիադան: Այս քայլն ուղղված է «պարտիզանական մարքեթինգը» կանխելուն:







































