Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամ նահանգում 5-րդ օրն անընդմեջ շարունակվող էթնիկական բախումների հետևանքով շուրջ 25 հազար մարդ արգելափակված է մնացել գնացքներում:
Վերաբնակ մուսուլմանների և բոդո ժողովրդի ներկայացուցիչների միջև հակամարտության պատճառը հողերի բաշխումն է: Բախումները սկսվել են հուլիսի 20-ին՝ Ռամադան ամսի սկզբին: Բախման ընթացքում սպանվել են հակամարտող երիտասարդական խմբավորումների առաջնորդները: Մի քանի օրում զոհվել է 32 մարդ: Խռովարարներն այրել են հարյուրավոր տներ, 50 հազար մարդ փախստական է դարձել:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ասամայի լեռներում կուտակվել է 40 գնացք: Նրանք կանգնեցվել են իշխանությունների կողմից՝ անվտանգության նկատառումներով: Ուղևորներին ուտելիք և խմելու ջուր են մատակարարում: Նրանց տարհանումն առայժմ հնարավոր չէ, քանի որ ավտոմեքենաների ճանապարհները հայտնվել են բախման գոտում:
Բախումներով բռնկված շրջաններում կանոնավոր բանակի 5000-անոց կոնտինգենտ է մտցվել:









































