Օրենսդրական փոփոխությունների արդյունքում սիրիահայերը կկարողանան ՀՀ անձնագիր ստանալ հենց Հալեպում և Դամասկոսում, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, ՀՀ Սփյուռքի նախարարությունում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն` անդրադառնալով սիրիահայերի մուտքը Հայաստան դյուրացնելու ուղղությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխություններին:
ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարը մանրամասնեց, որ առ այսօր կարգն այսպես էր, որ սովորաբար սիրիահայերը դիմում էին հյուպատոսություն, այդ փաստաթղթերը գալիս էին Հայաստան և նրանց համար պատրաստում էին համապատասխան անձնագիր, որը սիրիահայերը ստանում էին Հայաստանում:
Սակայն, նրա խոսքով, եթե 5 հոգի են ընտանիքի անդամները, եթե հաշվի առնենք նաև այդ ճանապարհածախսը, բավական թանկ է: Ֆիրդուս Զաքարյանի կարծիքով`ավելի լավ կլինի, որ սիրիահայերը հենց Սիրիայում ստանան իրենց անձնագրերը: «Նույն դիվանագիտական «խողովակներով» անձնագրերը կարող են տանել այնտեղ և տան իրենց, այսինքն, նրանք չգան Հայաստան, ետ գնան երկքաղաքացիություն և ՀՀ անձնագիր ստանալու համար»,- մեկնաբանեց Ֆիրդուս Զաքարյանը` հավելելով, որ այսուհետ սիրիահայերը կկարողանան հենց Դամասկոսում կամ Հալեպում ստանալ ՀՀ անձնագիր:
Անդրադառնալով նախատեսվող օրենսդրական փոփոխությունների մյուս ուղղությանն ` ասաց, որ կարգին համապատասխան, սիրիահայերը Սիրիայում պետք է ստանան իրենց վիզաները, այնուհետև գան Հայաստան: «Օրենքով սահմանված է , որ վիզա պետք է ստանան այնտեղ, բայց այս հարցը քննարկման առարկա է և առաջիկայում այդ հարցը ևս քննարկման փուլ կմտնի, և կդյուրանցվի սիրիահայերին վիզաների տրամադրման գործընթացը»,- նշեց Ֆիրդուս Զաքարյանը` շարունակելով, որ սիրիահայերը կկարողանան ստանալ վիզա Հայաստանում: ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարը պատմեց մի թարմ դեպք, թե ինչպես է այսօր Զվարթնոց օդանավակայան իջել Շողիկ անունով մի սիրիահայ և առանց վիզա, ուստի նախարարությունը ստիպված է եղել սեփական խողովակներով աշխատել ԱԳՆ-ի հետ: « Այսինքն` մենք անընդհատ ակտիվ աշխատում ենք, համագործակցելով այդ հարցերն արագ օպերատիվ լուծում ենք: Բայց այս պահի դրությամբ դա իրավական լուծում չի նշանակում: Այս խնդիրների կարգավորման դեպքում պարտադիր չի լինի Սիրիայում վիզա ստանալը, կգան Հայաստան և կստանան համապատասխան վիզա: Այսինքն, կհեշտացվի այս գործընթացը»,- մանրամասնեց Ֆիրդուս Զաքարյանը:
Նա նաև ընդգծեց, որ այս գործընթացները լինելիության փուլում են, այդ պատճառով չի կարող ավել հայտարարություններ անել, նախատեսվող փոփոխությունները պետք է անցնեն իրենց գործընթացային փուլը: Նա նաև չի կարծում, թե այս օրենսդրական փոփոխությունների մշակման գործընթացը երկար կձգձգվի: « Այս օրենսդրական փոփոխությունների փաթեթը մշակվում է տարբեր գերատեսչություններում, նախաձեռնողը նաև Սփյուռքի նախարարությունն է: Կարծում եմ` կառավարության առաջիկա նիստում այս հարցերը կբարձրացվեն և լուծում կստանան»,- եզրափակեց իր խոսքը Ֆիրդուս Զաքարյանը:
Հիշեցնենք, որ Դամասկոսում և Հալեպում շարունակվող ընդդիմության և իշխանության բախումներով պայմանավորված ` բազմաթիվ սիրիահայեր նախընտրում են վերադառնալ հայրենիք:







































