Սիրիայի զինվորականները հուլիսի 24-ին Հալեպ քաղաքը ռմբակոծել են ուղղաթիռից: Ինչպես տեղեկացնում է The New York Times-ը, դա նման տիպի առաջին հարձակումն էր:
Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ բնակելի տարածքը վերածվել է մարտի դաշտի: Հալեպի տարածքի զգալի մասը ապստամբների վերահսկողության տակ է: Որպեսզի նրանք ստիպված լինեն հեռանալ քաղաքի կենտրոնից, զինվորականները ռմբակոծում են ծայրամասերը:
Չդադարող ռմբակոծությունների ֆոնին բողոքի ակցիաներ են սկսել տեղի բանտի կալանավորները: Փորձելով վերականգնել կարգուկանոնը` ոստիկանները նրանց ուղղությամբ կրակ են բացել:
Տարբեր տվյալներով` հրաձգության ընթացքում զոհվել է 8-13 մարդ: Իրավապահների շրջանում զոհեր չկան:
Տարբեր ընդդիմադիր խմբավորումների տվյալներով` հուլիսի 24-ի ընթացքում Սիրիայում զոհվել է 114-147 մարդ:
Բախումները շարունակվում են նաև այն շրջաններում, որտեղ սկսվել էր սիրիական ապստամբությունը:







































