Այսօր Լոռու մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Նարեկ Օսյանը միջնորդություն է ներկայացրել Շալիկո Մանուչարյանի՝ կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 16։00–ի սահմաններում, ինքնությունը չպարզված անձը ապօրինի և դեռևս մակնիշը չպարզված հրազենից երկու անգամ կրակել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 1983 թվականին ծնված Արսեն Փերիխանյանի վրա ու դիմել փախուստի։ Տուժող Արսեն Փերիխանյանը տեղափոխվել էր Վանաձորի թիվ 1 հիվանդանոց, այնուհետեւ` Երևան: Գնդակը դիպել էր տուժողի ազդրին: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Արսեն Փերիխանյանը ՏԻՄ` Վանաձորի քաղաքապետի ընտրություններից մեկում ներկայիս քաղաքապետ Սամվել Դարբինյանի մրցակից Էդիկ Խլղաթյանի խմբից է, և նրան ճանաչում են որպես «Խլղաթանց Արսեն»: Նա ՏԻՄ վերջին ընտրություններում ևս աշխատել է Սամվել Դարբինյանի մեկ այլ մրցակից Գագիկ Հովսեփյանի օգտին: Իսկ կրակողը, մեր աղբյուրների փոխանցմամբ, եղել է Շալո մականունով մեկը, ով Սամվել Դարբինյանի եղբոր որդու «զինվորներից» է:
Շալոյի մասնակցությունը բացատրվում է նրանով, որ նա քրեական բնույթի ինչ-որ վեճեր է ունեցել Ռուսաստանի քրեական միջավայրում (նրան սխալ հանելու հարց է դրված եղել), ինչը հարթելուն օգնել են Դարբինյանները:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2– րդ մասի 9-րդ կետով և 235 հոդվածի առաջին մասով։ Նախաքննություն է ընթանում։
Շալիկո Մանուչարյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Շալիկո Մանուչարյանին ակնհայտ անհիմն մեղադրանք է առաջադրված եղել, նրա նկատամամբ ապօրինի մեղադրանք է առաջադրվել, և նա ապօրինի կալանքի տակ է գտնվում:
«Ես որպես փաստաբան եմ ասում և որպես մարդ՝ մասնավորապես ճանաչելով թե՛ Շալիկո Մանուչարյանին, թե գործով տուժող ճանաչված Արսեն Փերիխան յանին, որ ապօրինի մեղադրանք է առաջադրվել: Խափան միջոց ընտրվել է կալանք, բայց դա բացառապես բամբասանքներիի հիման վրա է ընտրվել, և հիմա գործը սարքում են Շալիկո Մանուչարյանի գլխին»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ կալանքի երկարաձգման միջնորդությունն անտեղի է:











































