Ֆրանսիացի hայտնի երգչուհի Միրեյ Մաթյոն սեպտեմբերի վերջին ալբոմ կձայնագրի՝ ի հիշատակ անզուգական Էդիտ Պիաֆի: Ինչպես այսօր տեղեկացրել է «Ավինիոնի աղջիկը», սկավառակի բոլոր երգերը վերցված կլինեն 20-րդ դարի լեգենդար երգչուհու և դերասանուհու երգացանկից:
Կիրակի օրը 66-ամյակը նշած Մաթյոյի երգերի վերջին՝ «Տեղ իմ սրտում» հավաքածուն լույս է տեսել 2005-ին: Նրա խոսքով՝ Պիաֆին նվիրված սկավառակում ներառված կլինեն «Կյանքը վարդի գույնով», «Սիրո հիմնը», «Տեր Աստված», «Միլորդ», «Ո՛չ, ես չեմ ափսոսում ոչ մի բանի համար», « Ինչի՞ է պետք սերը» և այլ հայտնի երգերը:
Իր երաժշտական կարիերայի 40 տարիների ընթացքում Մաթյոն ձայնագրել է 1200 երգ՝ 9 լեզուներով (ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, ռուսերեն, ճապոներեն, չինարան և ֆիններեն) և վաճառել ավելի քան 120 միլիոն սկավառակ:








































