Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում մեկնարկել են 2500 կիլոմետր հեռահարության բալիստիկ, այսինքն` միջմայրցամաքային հրթիռի արտադրման աշխատանքները, ինչն աննախադեպ իրադարձություն է այդ երկրի համար:
Այս մասին որոշումն ընդունվել է նախորդ շաբաթ տեղի ունեցած պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստում, որը նախագահել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը, և որին մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը և պաշտպանության նախարար Իսմեթ Յլըմազը:
Ներկայիս դրությամբ, Թուրքիան արտադրել ու հաջողությամբ փորձարկել է 300 կիլոմետր հեռահարությամբ իր հրթիռը: Այժմ այդ ցուցանիշը պետք է հասցվի նախ մինչև 1500, ապա նաև՝ մինչև 2500 կիլոմետրի:
Այս ամենի հետ մեկտեղ, Թուրքիան մտադիր է գնել զենիթա-հրթիռային համալիրներ (բալիստիկ հրթիռներ) և այդ պլանում պետք է ընտրություն կատարի ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի ու Ֆրանսիայի առաջարկների միջև:








































