Ֆոտոսարքավորումներ արտադրող Kodak ընկերությունը Apple-ի արտոնագրերը չի խախտել: Համապատասխան որոշումն ընդունել է ամերիկյան վերաքննիչ դատարանը:Այդ արտոնագրերը վերաբերում են թվային ֆոտոխցիկների աշխատանքի տեխնոլոգիային: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Դատարանն աջակցել է այս ամսվա սկզբին ԱՄՆ միջազգային առևտրի հանձնաժողովի ընդունած որոշմանը, համաձայն որի՝ Kodak-ը չի խախտել Apple-ի արտոնագրերը՝ կապված թվային ֆոտոխցիկների արտադրությանը և դրանց ծրագրերին:
Ընկերության ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել դատարանի որոշումը: Apple-ի հայցի մերժումը կթեթևացնի Kodak-ի հոգսը, որն առանց այդ էլ սնանկացման եզրին է:
Apple-ն ու Kodak-ը վերջին տարում մի քանի արտոնագրային դիմահար հայցեր են փոխանակել, որոնց մեծամասնության հեղինակը Kodak-ն է:
Ավելի վաղ Kodak-ի ներկայացուցիչները հայտնել էին, որ ընկերության պարտքերի զգալի մասը մտադիր են վճարել արտոնագրային պորտֆելի մի հատվածի վաճառքով: Ընկերությունը նախատեսում է վաճառել 1100 արտոնագրեր, որոնք կազմում են սեփականության պորտֆելի մոտավոր 1/10-րդ մասը:









































