TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում ավարտվել է հունիսի 22-ին Միջերկրական ծովում կործանված թուրքական F-4 ինքնաթիռի զոհված օդաչուների դիակների փորձաքննությունը: Այն ցույց է տվել, որ օդաչուների դիակների վրա չեն հայտնաբերվել փամփուշտների հետքեր:
Այս մասին Զոնգուլդակ կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը: Վերջինս հաստատել է Գլխավոր շտաբի բոլոր տվյալների հավաստիությունը: Յըլմազը հավելել է, որ ներկայիս դրությամբ ծովի հատակից դուրս բերված չէ կործանված ինքնաթիռի մնացորդների անգամ 10 տոկոսը՝ զարմանք հայտնելով, թե ինչպես կարելի է որևէ կարծիք կազմել այդչափ բեկորների հիման վրա:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որում ժողովրդին խնդրել էր համբերատար գտնվել և սպասել այնքան, մինչև որ ծովի հատակից դուրս բերվեն բոլոր բեկորները՝ ընդգծելով, որ չի կարելի եզրակացություններ կատարել միայն բեկորների 10 տոկոսի փորձաքննության հիման վրա:
Ի դեպ, Թուրքիայում ամենասարսափահարույց թերթի՝ Taraf-ի պնդմամբ, թուրք օդաչուները կործանված ինքնաթիռից օդապարիկով հաջողությամբ վայրէջք են կատարել ծովի վրա, ինչից հետո սպանվել են սիրիացի զինվորականների կողմից:









































