Հալեպ-Երևան, Երևան-Հալեպ միակողմանի չվերթներ իրականացվում են: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության լրատվության բաժնի պետ Նանա Ավետիսովան` անդրադառնալով խոսակցություններին, թե «Արմավիան» իրականացնում է միայն երկկողմանի Հալեպ-Երևան-Հալեպ չվերթներ:
Նրա պարզաբանմամբ` դրանք միայն խոսակցություններ են, «Արմավիան» իրականացնում է չվերթներն ինչպես միշտ: «Պարզապես, մինչև օգոստոսի վերջ Հալեպ-Երևան բոլոր չվերթների տոմսերը վաճառված են»,- նկատեց նա` հավելելով, որ սա, հնարավոր է, ոմանք շահարկման առարկա են դարձրել:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե «Արմավիան» բարձր գին է սահմանել տոմսերի համար` Նանա Ավետիսովան դրանք հերքեց, ասելով, որ դա իրականությանը չի համապատասխանում: Նրա կարծիքով` նման դեպքերում պետք է գործեն հատուկ ծրագրեր, քանի որ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը գործում է իր իրավունքների շրջանակում, որոնցից դուրս այլ արտոնություններ չունի: «Մեր ավիաընկերության նպատակն է աջակցել մեր հայրենակիցներին, տրամադրել ինքնաթիռ, սպասարկել ուղևորներին և նրանց անվտանգ հասցնել տեղ»,- ասաց Նանա Ավետիսովան:











































