Սիրիայի իշխանությունները կարող են քիմիական զենք կիրառել օտարերկրյա ռազմական ներխուժման դեպքում: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Դամասկոսում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մակդիսին:
«Սիրիան կարող է քիմիական զենք օգտագործել միայն օտարերկրյա ագրեսիայի դեպքում»,- ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որն ընթերցել է Մակդիսին:
Ընդ որում, Մակդիսին նշել է, որ Սիրիայի ներկայիս կառավարությունը ոչ մի դեպքում դա չի կիրառի սեփական ժողովրդի նկատմամբ:
Մակդիսիի խոսքերով՝ այս պահին քիմիական զենքի պահեստները գտնվում են սիրիական բանակի հուսալի հսկողության տակ, և իրենք թույլ չեն տա, որ այն հայտնվի ահաբեկիչների ձեռքում:
Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները երբեք չէին խոստովանում, որ իրենք քիմիական զենք ունեն, բայց և չէին ժխտում դրա առկայության փաստը:







































