«Երևանը պետք է պահպանի իր քաղաքաշինական ու ճարտարապետական դիմագիծը: Սա նաև բոլոր երևանցիների ցանկությունն է: Ամենօրյա հսկողություն սահմանել ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ուղղությամբ, բացառել որևէ անօրինականություն: Բոլոր ապօրինի կառույցները հայտնաբերվելու են, արձանագրվելու և քանդվելու են»,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները: Շինբարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է նաև կապալառուների կողմից սեփական միջոցներով 2011թ-ին անորակ և թերի կատարած ասֆալտբետոնե ծածկույթի թերությունների վերացման գործընթացը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը և որակը:







































