Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի նաև այսուհետ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից, քաղաքագետ Անդրեյ Արեշևը:
«Ռազմական հավասարակշռությունը սահմանին պահպանվում է: Միաժամանակ, հայկական կողմը հետևում է Ադրբեջանի գործողություններին»,- նկատեց նա:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինման հանգամանքին՝ Արեշևը չհերքեց,, որ նման բան կա, սակայն Ադրբեջանին զենք վաճառելը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնայնություններից չէ: «Միաժամանակ, չեմ բացառում, որ Ադրբեջանի սպառազինմամբ զբաղվեն նաև արևմտյան երկրները»:
Արեշևի խոսքով՝ հայկական երկու պետությունների վերամիավորման հնարավորությունները, նախկինի համեմատ, մեծացել են: «Բացի այդ, կարծում եմ, ընտրություններից հետո ԼՂՀ կարծիքը եթե ոչ հրապարակայնորեն, ապա գոնե կուլիսներում հաշվի կառնվի բանակցային գործընթացում»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ղարաբաղում պատերազմ սկսվի, ասուլիսի մյուս բանախոս, քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի գծով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը պատասխանեց՝ ուժերի ներկայիս բալանսը Ադրբեջանին թույլ չի տա մեծածավալ գործողություններ սկսել, այդ երկիրը պատրաստ չէ պատերազմի:
«Մյուս կողմից՝ ինչ-որ իրավիճակներում պատերազմը չի բացառվում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններին, ապա դրանք ընդամենը նպատակ ունեն բանակցային գործընթացում զիջումներ կորզել Հայաստանից: Միաժամանակ, Հայաստանն ինքը Արցախին դուրս բերեց բանակցային գործընթացից: Վերջինիս՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձնելն անհնար չէ, սակայն բավական բարդ է»:








































