ԼՂՀ նախագահական ընտրություններն անցան կոշտ մրցակցության և ակտիվ մասնակցության մթնոլորտում: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից, քաղաքագետ Անդրեյ Արեշևը:
«Այլընտրանքային թեկնածուին տրված՝ բնակչության մեկ երրորդ ձայները ցույց են տալիս, որ Ղարաբաղում բավական խնդիրներ կան: Միաժամանակ, արտասահմանցի դիտորդների գրեթե բոլոր գնահատականներն առավելապես դրական էին: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, ապա այն անհանգստություն առաջացրեց Բաքվի մոտ: Իհարկե, ՄԽ ձևակերպումները բավական խորամանկ են, և թեկուզ նրանք դե ֆակտո են ճանաչում ԼՂՀ նախագահական ընտրությունների արդյունքները, դրանում արդեն իսկ դրական հատիկ կա: Հուսով եմ, որ Արցախում ի հայտ կգա ընդդիմություն, որը, սակայն, մրցակցությանը զուգահեռ՝ կհամագործակցի իշխանությունների հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ իր տպավորություններն արցախյան ընտրություններից բավական դրական են:
Ասուլիսի մյուս բանախոս՝ քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի գծով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովն իր հերթին նկատեց, որ ԼՂՀ նախագահական ընտրությունները ընթացել են ժողովրդավարական նորմերին համապատասխան ու արդար: «Այնտեղ ձևավորվել են ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանություններ: Եվ ուրեմն, եթե Արցախում լավ ընտրություններ են անցկացվել, ինչպե՞ս կարող է Արցախն անցնել ավտորիտար Ադրբեջանի ենթակայության ներքո»,- հռետորական հարց հնչեցրեց քաղաքագետը:
Միխայիլ Ալեքսանդրովի խոսքով՝ Հայաստանը պետք է ակտիվացնի արտաքին քաղաքականությունը, որպեսզի Իրանում և Սիրիայում, այնուհետև նաև՝ ԼՂՀ-ում պատերազմ չսանձազերծվի: «Ցավոք, դեռ նկատելի չէ արտաքին քաղաքականության ակտիվացում, լռություն պահպանելը սխալ է: Հույս ունեմ՝ իրավիճակը շտկելուն ուղղված աշխատանքներ կիրականացվեն»,- ասաց նա:
Հիշեցնենք. ԼՂՀ նախագահական ընտրությունները տեղի էին ունեցել հուլիսի 19-ին: Հաղթել էր Բակո Սահակյանը:







































