Այսօր գյումրեցի վարորդները, որ բողոքում են վրացական պետհամարանիշերի նկատմամբ իշխանությունների կողմից սանձազերծած պատերազմի դեմ, Գյումրիից ավտոերթով պետք է շարժվեին Վանաձոր, որտեղ ժամը 12։00-ին պետք է բողոքի պիկետ անցկացվեր։ Ակցիային մասնակցում են մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հենց նոր մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս պահին Գյումրի-Վանաձոր մայրուղին ամբողջությամբ խցանված է, բողոքի ակցիային մասնակցող 50-ից ավելի մեքենա չի կարողանում հասնել Վանաձոր։ Պատգամավորի խոսքերով, խցանումը արհեստածին է, երթևեկությանը խոչընդոտում են ոստիկանները։ Ոստիկանության աշխատակիցներն իրենց հերթին հայտարարում են, որ ունեն համապատասխան հրաման` փակելու ճանապարհը, ուստի իրենց գործողությունները օրինաչափ են։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ից ուժի մեջ է մտել օրենսդրական մի փոփոխություն, համաձայն որի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների` Հայաստանի քաղաքացիություն ունեցող տերերը իրավունք ունեն տարվա ընթացքում ընդամենը երկու անգամ` 15-օրյա ժամկետով ժամանակավոր ներմուծել իրենց մեքենաները։ 15-օրյա ժամկետից ավելի ավտոմեքենան Հայաստանում շահագործելու դեպքում սահմանվել են բավական բարձր տուգանքներ։








































