Հիմնականում քրդերով բնակեցված սիրիական Դիրիկ քաղաքը վերջին երկու օրերին չորրորդ քաղաքն է, որտեղից հանվել են կառավարական բանակի զինվորները: Դիրիկը ռազմավարական կարևոր նշանակություն ունի, գտնվում է երեք պետությունների` Իրաքի, Սիրիայի և Թուրքիայի սահմանների հանգույցում:
Ակնկալվում է, որ քրդերը կփորձեն գրավել նաև Ղամշլի քաղաքը: Ինչպես հաղորդում է ZMAN-ը, քրդական բնակչությունը փորձել է հեռու մնալ սիրիական ապստամբությունից: Սիրիայի ազգային խորհրդի ներկայացուցիչների հետ բանակացությունները սիրիացի ապստամբների որևէ խոստման չեն հանգեցրել, այդ պատճառով քրդերը չեն մասնակցել ցույցերին, որոնք հետագայում վերաճեցին ապստամբության:
Վերջին տարում պաշտոնական Դամասկոսը քրդերի մի մասին շնորհել է Սիրիայի քաղաքացիություն և խոստացել ինքնավարություն:
Թերթի ներկայացմամբ` Սիրիայի արևելքի քրդերը որոշել են առավելագույն օգուտ քաղել ստեղծված իրավիճակից:







































