Տարվա այս շրջանում գյուղացիական վարկերի ծավալը նվազում է, քանի որ բերքահավաքի ժամանակ է, բայց օգոստոսի կեսերից կրկին վարկերի պահանջարկը կշատանա արդեն աշնան համար: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ-վարկային տնօրեն Հակոբ Անդրեասյանը, սկսնակ վարկառուներին բանկում տեղեկություններ տրվում են վակերի պայմանների տոկոսադրույքների վերաբերյալ և այլն, սակայն իրենց վարկառուները հիմնականում արդեն բավականին հարուստ փորձ ունեցող մարդիկ են, որոնց հետ մոտ 15 տարի աշխատում են. «Նրանց մեջ կան նաև նոր վարկառուներ, բայց իրենք էլ համագյուղացիներից տեղյակ են վարկավորման կարգի վերաբերյալ: Հատուկ բացատրական աշխատանք տանել, ասել՝ տեսեք վարկը ինչքան վտանգավոր է, դա էլ պետք չէ ասել մարդկանց, բայց ընդհանուր առմամբ տոկոսների վերաբերյալ և այլն բաց ինֆորմացիա տրամադրում ենք»:
Նա հայտնեց, որ գյուղվարկերի վերադարձելիությունը 90%-ից բարձր է, որը համաշխարհային ստանդարտներից բարձր է:
Այն մտահոգությանը, որ վեջերս գյուղացի էր ինքնասպան եղել բերք չստանալու և վարկը վերադարձնել չկարողանալու պատճառով, Հ. Անդրեասյանը պատասխանեց. «Դուք հավատո՞ւմ եք նման բաների: Ես չեմ հավատում, որ միայն վարկի համար մարդ գնա կախվի, ինքնասպան լինի: Վարկի միջին գումարը 600 հզ. դրամ է: Եթե խոշոր տնտեսությունները հանենք, ես կարծում եմ, որ 600 հզ. դրամ էլ չէր կարող լիներ նրա վարկը: Ես կարծում եմ, որ մարդկանց նման քայլի դրդում են ոչ թե վարկերը (որովհետև միայն գյուղացիները չեն գնում ինքնասպանության), այլ խաղատները, որ քաղաքից դուրս բոլոր գույներով փայլփլում են: Եթե դրանք վերանան և «վիվառոներն» էլ հետը, մարդիկ այդ քայլին չեն գնա»:





































