«Առաջին լրատվական»-ի խմբագրությունում ավտովարորդներից բողոքներ էին ստացվել այն կապակցությամբ, որ արագաչափիչ սարքերը տեղադրվել են, սակայն չկան ճանապարհային հատուկ նշաններ, որպեսզի վարորդները չգերազանցեն արագությունը: Փորձեցինք իրադրության վերաբերյալ պարզաբանում ստանալ «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանից:
«Բանն այն է, որ մեր վարորդները չգիտեն երթևեկության կանոնները, ըստ որոնց՝ բնակավայրերում սահմանված է առավելագույնը 60 կմ/ժամ արագություն: Բնակավայրը նշված է հատուկ նշաններով. կան հատուկ նշաններ՝ բնակավայրի սկիզբ և վերջ: Որտեղ սկիզբն է, արագությունը սահմանվում է 60 կմ/ժամ, և պետք չէ ամեն մի փողոցում դնել 60 կմ/ժամ նշանը: Վարորդները դա պետք է իմանան: Ասում են. «Եթե 60 է, ինչո՞ւ չի դրված 60 կմ/ժամ»: Մինչդեռ դրա կարիքը չկա, կանոններով արդեն սահմանված է»,- ասաց Է. Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ եթե այլ արագություն լինի սահմանված կոնկրետ հատվածում, օրինակ 70, 80, 90 կամ 50, 40, 30, 20, ապա սկսում է գործել այն արագությունը, որը նշված է հատուկ նշանի վրա:
Օրինակ՝ Բաղրամյան փողոցից թեքվեցիք Օրբելի, և ոչ մի նշան չկա, նշանակում է, այդտեղ 60 կմ/ժամ է, իսկ երբ մոտենում եք ոստիկաններին, այդտեղ տեղադրած է «40», նշանակում է այդտեղից էլ սկսում է 40 կմ/ժամ առավելագույն արագությունը:
«Կարդացե՛ք, իմացե՛ք ճանապարհային երթևեկության կանոները, հարգելի՛ վարորդներ»,- կոչ արեց Է. Հովհաննիսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Երևանի տարբեր փողոցներում արագաչափիչ սարքերի տեղադրումից հետո տուգանքների չափը կտրուկ ավելացել է, 6 ամսվա ընթացքում արդեն մոտ 140 հզ. արձանագրություն է կազմվել: Հովհաննիսյանը ենթադրեց, որ մինչև տարվա վերջ այդ քանակը կդառնա մոտ 400 հզ.. «Դա ավելի քան 50%-ով գերազանցում է ճանապարհային ոստիկանության տեսուչների կազմած արձանագրությունների չափը, որն ավելի մեծ գումար կլինի, քան մինչ այս հանրապետությունում եղած 400 տեսուչների կազմած արձանագրային տուգանքները: Եվ այդ գումարները արտաբյուջետային ֆոնդ են գնում՝ 30%-ը ճՈ-ին, 70%-ն անվտանգության կազմակերպությանը»:








































